«Ընտանիքս դեմ էր, բայց ես հասա իմ ուզածին». Դավիթի եւ Աննայի կյանքը՝ ամուսնությունից առաջ եւ հետո

2018 թվականի օգոստոսի 25-ին Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանը շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո պսակադրվեցին: Նրանց սիրո պատմությունը շատերին է հայտնի, եւ նրանք համարձակորեն խոսում են փոխադարձ զգացմունքի մասին: Ավելին՝ նախորդ տարի զուգերգ ներկայացրին իրենց երկրպագուներին: Համատեղ աշխատանքը տեսահոլովակի նկարահանման հրապարակից եւ ձայնագրման ստուդիայից վերջերս տեղափոխվեց գեղարվեստական «Ա.Կ.Ա.» ֆիլմի նկարահանման հրապարակ: Իսկ մոտ երկու ամիս առաջ էլ բազմազբաղ զույգը հիմնել է սեփական բիզնեսը: Օրերս BRAVO.am-ը լուսանկարել եւ զրուցել է նրանց հետ ամենատարբեր թեմաների շուրջ: 

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Ինչն էր սկզբում

Դավիթ. Մասնագիտությամբ իրավաբան եմ: Ավարտելուց հետո հասկացա, որ այն ինձ համար բավական անհետաքրքիր է: Ճիշտ է` որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց կտրուկ որոշում կայացրի թողնել այն եւ հեռացա աշխատանքից: Ընտանիքս դեմ էր իմ որոշմանը, բայց ես, չորկողություն անելով, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով, հասա իմ ուզածին:

Այս կամ այն դերը ստանալու համար ինձ համար երբեւէ ծանոթ-բարեկամ չի զանգահարել, չնայած՝ ունեի բարեկամներ, ովքեր կարող էին միջամտել: Նրանք բոլորն էլ դեմ էին, որ նկարահանվեմ հեռուստանախագծերում: Ամեն ինչ արել եմ ինքնուրույն: Այդ ճանապարհը սկսվել է զանգվածային տեսարաններից, էպիզոդիկ դերերից մինչեւ գեղարվեստական ֆիլմ: 

Առաջին դերը եղել «Դժվար ապրուստ» սերիալում, որից հետո դռները բացվեցին եւ սկսում են բացվել:

Աննա. Մանկությունս անցել է Ռուսաստանում: Այդպես էլ չկարողացա ապրել այնտեղ: Հայաստանն ինձ հոգեհարազատ է: Որոշեցի տեղափոխվել, ինչի համար, ի դեպ, երբեւէ չեմ զղջացել: Չեմ բնակվի մի երկրում, վայրում, որտեղ ինձ դուր չի գալիս:
Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին` «Հայ Սուպերսթար» նախագծից: Դպրոցական տարիներից եմ երգել: Սիրել եմ: Նախագծից հետո արդեն առաջարկներ ստացա՝ նոր երգեր, ձայնագրություններ, սերիալներ, հեռուստանախագծեր: Վերջիները մերժում էի, որովհետեւ մտածում էի՝ փորձ չունեմ: Հետո հասկացա՝ կարելի է փորձել, քանի որ կյանքում կան բաներ, որոնք պետք է հաղթահարես՝ հասկանալու համար՝ քոնն է, թե ոչ: Դերասանների, ռեժիսորների օգնությամբ հաղթահարեցի: 

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Կյանքն՝ ամուսնությունից հետո

Դավիթ. Հիշում եմ մեր առաջին հանդիպումը: Համերգի ժամանակ էր, որից հետո արդեն ծանոթացանք, սկսեցինք շփվել: Շատ շուտ հասկացանք փոխադարձ զգացմունքները: Ընկերություն անելու տարիներին բազմաթիվ դժվարություններ, բարդություններ են եղել, որոնք միասին հաղթահարել ենք:

Աննա. Մեր հարաբերություններն այդքան ներդաշնակ եւ տեւական ժամանակ պահելուն օգնել է Դավիթի ուժեղ բնավորությունը: Ամեն անգամ ապացուցել է, որ այն տղամարդն է, ում կուզեմ տեսնել իմ կողքին: Նա միշտ հավատարիմ է իր խոսքերին, պատասխանատվության մեծ զգացում ունի: Ամուսնությունից հետո կյանքս ավելի է գունավորվել: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հոր, եղբոր նման միշտ իմ կողքին է: Ապահով եմ զգում: 

Դավիթ. Սովորաբար մարդը ժամանակի ընթացքում փոխվում է: Բնավորության նոր գծեր է ձեռք բերում, հասունանում, հետաքրքրություններն են փոխում: Զույգերի դեպքում կան երկու «ես», ովքեր շարժվում են առաջ՝ մեկը մյուսին օգնելով, աջակցելով: Միմյանց չհասկանալու պահեր, իհարկե, լինում են, եւ դա բնական է: Չէ՞ որ ամբողջ օրը միասին ենք: Այժմ նաեւ միասին աշխատում ենք: Կարեւորն այն է, որ կարողանում ենք ելք գտնել տարբեր բարդ իրավիճակներում եւ լուծում տալ:

Գործնականի եւ սպասվող նորությունների մասին

Աննա. Վերջերս զուգերգ ներկայացրինք եւ առ այսօր դրական արձագանքներ ենք ստանում:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Դավիթ. Ի դեպ, զուգերգով հանդես գալը Աննայի գաղափարն էր: Նա ինձ քաջալերեց, համոզեց, որպեսզի երգեմ: Արդյունքում բավական հաջողված տեսահոլովակ ստացվեց: Դրական արձագանքներից միայն ուրախ ենք: Առաջիկայում զուգերգով կրկին հանդես գալը բացառում եմ: Միասին աշխատելը ե՛ւ շատ հեշտ է, ե՛ւ շատ դժվար:

Այժմ նկարահանվում եմ նոր՝ «Թղթե երազանք» 24 մասից բաղկացած հեռուստանախագծում, որը նվիրված է Գյումրուն: Փակագծեր բացել չեմ կարող: Կարծում եմ՝ ամռանը կամ աշնանը կլինի եթերում: Գործնական էլի առաջարկներ կան, որոնց մասին դեռ վաղ է բարձրաձայնել:

«Ա.Կ.Ա.» ֆիլմում նկարահանվելու առաջարկն էլ ստացա ֆիլմի պրոդյուսեր, դերասան Սարգիս Գրիգորյանից: Գեղարվեստական ֆիլմում նկարվելու իմ առաջին փորձն էր: Կերպարս էպիզոդիկ էր, որից հետո քննարկեցինք գլխավոր հերոսուհու կերպարը: Այն պետք է մարմնավորեր Աննան: Նրան վստահեցին կույր աղջկա դերը, որը, ի դեպ, ամենաբարդն էր: Մեծ պատասխանատվություն էր Աննայի համար: Նա պատրաստվում էր, շփվում կույր մարդու հետ, փորձում հասկանալ նրա հոգեբանությունը: Բոլորս հաճելիորեն զարմացած էինք Աննայի խաղով:

Աննա. Գեղարվեստական ֆիլմում իմ առաջին քայլն էր: Շատ շնորհակալ եմ, որ ինձ նման դեր վստահեցին: Այժմ նկարահանվում եմ նաեւ «Մեծից փոքր» նախագծում: Շատ լավ թիմի հետ եմ աշխատում: Իմ բախտը դերասանական կազմի հարցում միշտ բերում է: Սերիալներին հրաժեշտ եմ տալիս:

Դավիթ. Առաջարկը ստացա «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանից: Աննայի հետ կապված գործնական առաջարկներով հիմնականում ինձ են դիմում: Քննարկեցինք, հասկացանք, որ հետաքրքիր նախագիծ է, համաձայնեցինք: Ես էլ պետք է մասնակցեի, բայց զբաղվածությանս պատճառով չեմ նկարահանվում: Ուզում եմ, որ Աննան շատ խիստ նայի գործնական առաջարկներին՝ որտեղ պետք է նկարահանվի, որտեղ՝ ոչ:

Աննա. Ինձ առնչվող բոլոր հարցերով դիմում են Դավիթին: Վստահ եմ՝ շատ լավ գիտի, թե որն է ինձ համար ավելի լավ: Ի դեպ, իմ երկրպագուներին առաջիկայում եւս մեկ անակնկալ է սպասվում: Առայժմ նոր է գաղափարը: Ամռանը, կարծում եմ, արդեն պարզ կլինի: Այնքան եմ ուրախանում, որ Դավիթն ինձ ամեն անգամ ոգեւորում, քաջալերում է: Իմ հաջողությունների համար Դավիթն ավելի շատ է ուրախանում, քան գուցե իր: Երջանիկ մարդ եմ:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Համատեղ բիզնեսի մասին

Դավիթ. Ամեն անգամ համոզվում եմ, որ մարդ այս կյանքում պետք է զբաղվի նրանով, ինչը սիրում է, կարողանում է: Եթե սիրով ու հաճույքով չես անում աշխատանքդ, հաջողության հասնելու մասին խոսք լինել չի կարող:

Աննա. Ես շատ սիրում եմ բնություն, ծաղիկներ ու կենդանիներ: Հենց բնությունից եմ ստանում ամենադրական էներգիան: Իմ երազանքն է եղել ծաղիկների հետ աշխատել: Այն այսօր իրականություն է դարձել: Միասին որոշեցինք հիմնել հանդիսությունների կազմակերպման ստուդիա: Ամեն ինչ անում ենք ինքնուրույն, իհարկե, շնորհակալ լինելով Աստծուն: Մեր կյանքում ամեն մի դրական ու լուսավոր բան կապում ենք Աստծո հետ: Դժվարությունները միասին շատ հեշտ ենք հաղթահարում:

Դավիթ. Այս ոլորտում շատ հետաքրքիր է աշխատել: Բացի գործնական շփումից, հաստատվում է նաեւ ընկերական հարաբերություն: Կան զույգեր, ում նշանադրությունն ենք կազմակերպել, արդեն մտերմացել ենք եւ պատրաստվում ենք նրանց հարսանեկան արարողությունը: Աշխատել ենք ԱՄՆ-ից , Վրաստանից, Գերմանիայից ժամանած զույգերի հետ:

Աննա. Ծաղիկների լեզուն հասկանում եմ: Նվեր ստանալ, անկեղծ ասած, չեմ սիրում, ամաչում եմ, բայց ծաղիկների դեպքում ամեն ինչ այլ է: Ավելի շատ սիրում եմ նվիրել եւ ծաղիկներ ստանալ: Այն մաքրություն է, բարություն: Երեւակայությունն այս աշխատանքում ամենամեծ դերն ունի: Սիրում ենք ճամփորդել, ինչն, ի դեպ, եւս ազդեցություն կարող է ունենալ մեր նոր բիզնես-նախագծի վրա:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Ճանապարհորդելու համար մեր ամենանախընտրելի վայրը կարող է լինել ամեն տեղ, որտեղ կա օվկիանոս, ջուր, ծով, բնություն: Տրոպիկան մեզ գրավում է: Մեծ, աղմկոտ քաղաքն ինձ համար չէ: Պասիվ հանգիստն ենք նախընտրում: Միայն նման հեքիաթային վայրերում եմ կարողանում լիարժեք հանգստանալ եւ նոր մտքեր, գաղափարներ ստեղծել:

Ընտանիքի համալրման մասին

Շուտով կլրանա մեր ամուսնության մեկամյակը: Առայժմ շատ լուրջ զբաղված ենք մեր աշխատանքով, մեր ընտանիքի հիմքը ստեղծելով: Ուզում ենք, որ այն հնարավորինս ամուր լինի: Այս շրջանում մենք շատ ենք պետք մեր բիզնեսին, դրա համար համալրման մասին դեռ խոսք չկա: 

Today's most read news !
  • «Երջանիկ լինեք». Լիլուն լուսանկար է տեղադրել Գոռ Եփրեմյանի ու նրա ընտրյալի հետ
  • Բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքը
All news
Comments