«Առաջ նեղսրտում էի այդ պատճառով». Սոֆի Դեւոյան կրտսեր

Սոֆի Դեւոյան կրտսերը դեռ մանկուց հայտնվել է էկրաններին ու եղել հանրության ուշադրության կենտրոնում: Չնայած նկարահանվում է սերիալներում՝ որպես մասնագիտություն ընտրել է տատիկի՝ պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի ուղին: BRAVO.am-ը լուսանկարել է Սոֆիին իր հարազատ Պարի եւ հոգու թատրոնում, ինչպես նաեւ անկեղծ զրուցել դպրոցն ավարտելու, «Մոր խոստումը» սերիալի եւ, իհարկե, երկրպագուների մասին: 

«Պետք է շարունակեմ»



Պարում եմ երեք տարեկանից, արդեն տասնչորս տարի: Տարբեր ոճերի պարեր եմ պարում: Ինչքան էլ տատիկիս գործոնը լիներ, եթե չսիրեի պարը, այս ուղին չէի ընտրի: Ճիշտ է՝ մայրս ու տատիկս են որոշումը կայացրել, բայց ամեն ինչ իմ ցանկությամբ է եղել: Սոֆի Դեւոյան անունը կրելը պարտավորեցնող է: Տատիկս արդեն կերտել է այդ անունը տարիների ընթացքում, իսկ հիմա ես պետք է շարունակեմ:

Սոֆի Դեւոյան կրտսերը


Ճիշտ ելք

Գրեթե միշտ պարելուց առաջ անհանգստություն կա, որ կարող եմ մի շարժում մոռանալ կամ փոխարենն ուրիշն անել: Ինչքան էլ պարը լավ յուրացնես, փորձես, վերջնականը միշտ բեմի վրա է ստացվում: Պարուհու հմտությունը նրանում է, որ պարընկերոջ հետ կարողանա իրավիճակից ճիշտ ելք գտնել: Հանդիսատեսն այս դեպքում պիտի ոչինչ չհասկանա: 

Ինքդ քեզ համար

Մրցակիցներ չեմ փնտրում: Ուղղակի կարող եմ նայել ինչ-որ մեկին ու մի բան վերցնել: Այդ մեկը կարող է լինել մայրս, տատիկս, պարուսույցս կամ ուղղակի փոքրիկ երեխա: Կարեւոր է, որ կարողանաս անընդհատ սովորել, ոչ թե բավարարվել նրանով, ինչ այդ պահին գիտես: Ամեն ինչ պետք է անես ինքդ քեզ համար՝ առանց մրցակից ունենալու:

Սոֆի Դեւոյան կրտսերը


Դադարից հետո

Այս տարի կավարտեմ դպրոցս: Երբեմն երկմտում եմ, բայց պարի ուղղությամբ եմ շարունակելու: Ուժերիս ներածին չափով անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ծնողներիս սպասելիքները: Այս տարվա հետ կապված շատ պլաններ ունեմ:

«Մոր խոստումը» սերիալում նկարահանվելու առաջարկը ստացա պրոդյուսերից: Ելենա Արշակյանի հետ բազմիցս աշխատել եմ: Շատ փոքր էի, երբ նկարահանվեցի «Որբերը» սերիալում: Ելենան ամեն կերպ օգնում էր ինձ: Շատ ուրախ եմ, որ երկար դադարից հետո կրկին նկարահանվում եմ:

Անիին մարմնավորելը հեշտ տրվեց: Ինձ ուղղակի պետք է իմանալ, թե կերպարս ինչ է սիրում, ինչ չի սիրում, ինչ բարդույթներ ունի, որ կարողանամ ճիշտ ներկայացնել: Քանի որ կա պրոֆեսիոնալ թիմ, ամեն ինչ ավելի է հեշտանում: Ես ու Անին ընդհանրություններ ունենք: Առաջիկայում կերպարիս հետ կապված հետաքրքիր զարգացումներ են սպասվում, բայց դեռ փակագծերը չեմ բացի:

Սոֆի Դեւոյան կրտսերը


Ուրախանալու առիթ

Երկրպագու բառն այնքան էլ չեմ սիրում. բոլորին համարում եմ մտերիմ: Նամակներ եմ ստանում սերիալային դերիս հետ կապված ու շատ եմ ուրախանում: Իհարկե, կան նաեւ այնպիսի երկրպագուներ, որոնք ուզում են հանդիպել, անակնկալներ փոխանցել, սակայն գրաֆիկս շատ խիտ է ու նույնիսկ հարազատներիս հետ չեմ հասցնում նորմալ շփվել:

«Մեծացել եմ»

Հեռուստադիտողը սիրում է կերպարը դերասանուհու հետ ասոցացնել: Եթե այն բացասական է, նրա բնավորության գծերն ու հատկանիշները վերագրում են դերասանուհուն: Անիի կերպարը դրական է ու մաքուր: Ինչքանով հասցնում եմ կարդալ, կարծիքները հիմնականում եւս դրական են: Կան նաեւ բացասական կարծիքներ, ինչը նորմալ է: Ամեն մեկն ունի իր կարծիքը: Ընկերներս են երբեմն ուղարկում բացասական մեկնաբանություններն, ասում՝ կարդա, տես՝ ինչեր են գրում: Առաջ նեղսրտում էի, հիմա՝ ոչ. մեծացել եմ:

Today's most read news !
  • «Սա էլ կանցնի ու կգնա, ապրեք Ձեր միակ կյանքը». Անդրե
  • «Կիրակին՝ ուրախ, գունեղ, անձրեւառատ»․ Հասմիկ Խոջյանի գարնանային կերպարը
  • «Իմ սեր»․ Աննա Թովմասյանի ու Արամեի նոր լուսանկարը
  • Անատի Սաքանյանի գրավիչ լուսանկարը
  • «Մենք երեխաներին կյանք ենք տալիս, իսկ նրանք մեզ՝ կյանքի իմաստ»․ Մարիամ Մելիքյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը
All news
Comments