«Շանթ» հեռուստաընկերության «Outdance» պարային սիթքոմից հայտնի Մարիա Չանդիրյանը երեկ է վերադարձել Չինաստանից: Նրան նոր աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Չինական մեծ պատի երկիր էր տարել Ֆինայի ջրացատկի աշխարհի 4-րդ  կոֆերանսը: Մարիան խոշորագույն մրցաշարին մասնակցում էր որպես մրցավար: Հրավերքը ստացել էր հենց Չինաստանից: Պարուհի-դերասանուհին BlogNews.am-ին հետաքրքիր ճամփորդությունից լուսանկարներ է տրամադրել ու պատմել Չինաստան առաջին այցի, զգացողությունների ու տպավորությունների մասին:

«Չինաստան մեկնելու բուն պատճառը սպորտն էր, բայց իմ երազանքներից մեկն էր լինել այդ երկրում: Ասեմ, որ 21 տարեկանում ստացել եմ ջրացատկ սպորտաձևի միջազգային մրցավարի սերտիֆիկատ, որն էլ ինձ հնարավորություն տվեց լինելու մրցավար միջազգային մրցույթներում: Չինաստանում էին տարբեր մայրցամաքների ներկայացուցիչներ։ Հայաստանից միայն ես էի: Սկզբում եղել եմ Չոն Սին քաղաքում, որտեղ ընթանում էր կոնֆերանսը, այնուհետև երկու օր Պեկինում եմ մնացել»:

Մարիային զվարճացրել է չինացիների արձագանքը, երբ նրանք տեսնել են արտասավոր կերպով իրենց նման այլազգի աղջկա. «Քանի որ շատ են ասում, որ չինուհու նման եմ, անհամբերությամբ սպասում էի՝ երբ եմ հասնելու Չինաստան, որ այդ մասին անձամբ հարցնեմ նրանցից: Բայց գործը չհասավ դրան, ավելի շուտ՝ ես չհասցրի:) Իրենք ինձանից առաջ ընկան՝ ասելով, որ, լինելով ուրիշ ազգից, շատ նման եմ իրենց, գեղեցիկ արտաքին ունեմ ու մեծ աչքեր: Ինձ համար մի քիչ էլ զվարճալի էր, քանի որ, փոխանակ ես գնայի իրենց հետ նկարվելու, իրենք էին ցանկանում ինձ հետ նկարվել»:

Մարիայի խոսքով՝ մեկ շաբաթ ժամանակահատվածը նա հնարավորինս օպտիմալ է տնօրինել ու հասցրել է շատ բան տեսնել: Սակայն ինչ էլ որ տեսել ու հասկացել է Չինասատանի ու չինացիների մասին, իրեն շատ խորթ են եղել. «Անկեղծ ասած՝ գեղեցկության այն ընկալումը, որ ունեն իրենք, եվրոպամետ մարդկանց համար անընդունելի է: Չինացիների համար կանացի է ոչ թե գեղեցիկ աղջիկը, այլ՝ գունավոր հագնված աղջիկը: Նրանց համար կարևոր չէ՝ ինչ կհագնեն, ու այս ամենը տեսնելով՝ ես հասկացա, որ մեր աղջիկները շատ գեղեցիկ ու խնամված են: Տպավորիչ է ճարտարապետությունը, կարող եմ ասել, որ իրոք գեղեցիկ ճարտարապետական ձեռագիր ունեն: Հասցրել եմ լինել Պեկինի ու Չոն Սինի կենտրոնում, զբոսնել, գնումներ կատարել ու շատ լուսանկարվել: Առիթ եմ ունեցել նայելու մի քանի պարային բեմադրություններ ու ասեմ, որ հավանել եմ նաև երգի ու պարի մշակույթը: Տեսել եմ` ինչպիսին են լինում գեյշաները, հասցրել եմ հագնել նրանց թագուհու հանդերձանքները… Մի խոսքով՝ այնքան բան կար դեռ տեսնելու, որ չեմ հասցրել, ու որի համար արժե նորից հետ գնալ առեղծվածների ու հրաշքների երկիր Չինաստան»:

Մարիային տպավորել են ոչ միայն չինական մշակույթն ու սովորություններն, այլև հյուրընկալությունն ու խոհանոցը՝ հագեցած յուրահատուկ ու օգտակար կերակրատեսակներով. «Չինական խոհանոցը հայտնի է իր բացառիկությամբ, յուրահատուկ բույրերով, գույներով ու համերով: Չինական խոհանոցում իշխող են բրինձը, բանջարեղենն ու սոյան: Միսն ու ձուկն այստեղ այնքան չեն օգտագործվում, որքան այլ խոհանոցներում: Չինացու համար ուտելիքը ոչ միայն հագենալու միջոց է, այլեւ, առաջին հերթին, կյանքի փիլիսոփայություն: Ես այդ խոհանոցի սիրահար եմ ու հաշվի առնելով երկրի չափսերն՝ անհնարին է  խոսել համասեռ խոհանոցի մասին: Երկրում ապրում են ավելի քան 33 ազգեր, ու յուրաքանչյուրն ունի տիպիկ, իրեն բնորոշ ուտեստ, ինչպես, օրինակ, Չոն Սին քաղաքը, որն ամենակծու քաղաքներից է ու նույնիսկ կծու պղպեղի արձան կա այնտեղ: Կարող եմ ասել, որ Ասիայի հնագույն պատմությունը, նրա մշակույթն ու փիլիսոփայությունը սերտորեն փոխկապակցված են չինական խոհանոցի հետ»:

Ճանապարհորդություններից Մարիան անպայման վերադառնում է հուշանվերների մեծ ճամպրուկով. «Ես ունեմ սովորություն․ հավաքում եմ թերմոսներ, ու այս անգամ էլ բացառություն չէր, քանի որ Չինաստանից ևս բերել եմ իրենց խորհրդանիշով թերմոս: Իսկ առհասարակ այնքան հետաքրքիր հուշանվերններ կային, որոնք ես հաճույքով գնել եմ մտերիմներիս ու ընկերներիս համար»: