Տեսահոլովակում Սարգիսի և Շուշանի համահունչ զույգ լինելը, գուցե, սերիալի գաղափարի հիմք դարձավ. երգչի պրոդյուսերը` նոր աշխատանքի մասին


Life.panorama.am-ն արդեն պատմել է, որ Վահե Սայանի նոր` «Երևի» հեռուստասերիալի գլխավոր հերոսը երգիչ Սարգիս Ավետիսյանն է: Ֆիլմում նկարահանվելու իմաստով սա երգչի դեբյուտն է, իսկ թե ինչպես է համաձայնել` որպես դերասան ներկայանալու, Life.panorama.am-ին պատմել է Սարգիսի պրոդյուսերը` Արսեն Աղամիրյանը:

«Նախ պետք է խոստովանեմ, որ Սարգիսին հաճախ են ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ արել, սակայն տարբեր պատճառներից ելնելով, մերժել ենք դրանք: Այս անգամ առաջարկը ստացանք ռեժիսոր Վահե Սայանից, և հաշվի առնելով պրոֆեսիոնալ թիմը, ինչպես նաև հետաքրքիր սցենարական լուծումներն ու Սարգիսի կերպարը, որոշեցինք համաձայնել»,- պատմեց պրոդյուսերը:

Ամիսներ առաջ Սարգիսը ներկայացրեց «Իմ գեղեցկուհի» տեսահոլովակը, որի հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է: Հարցին՝ այդ համատեղ աշխատա՞նքն է պատճառ դարձել, որ սերիալի տեսքով շարունակվի նրանց համագործակցությունն ու նրանք որպես զույգ ներկայանան, պրոդյուսերը պատասխանեց.

««Իմ գեղեցկուհի» տեսահոլովակը բավականին մեծ արձագանք ունեցավ: Այն կարճ ժամանակում սիրվեց ու մեծ տարածում գտավ: Իսկապես կարելի է այդ երգն ու տեսահոլովակը համարել հաջողված պրոյեկտ, հետևաբար այդ փաստը չէր կարող աննկատ մնալ: Այո, գուցե տեսահոլովակում Սարգիսի և Շուշանի համահունչ զույգ լինելը որոշ իմաստով հիմք դարձավ, որ ավելի ուշ այս գաղափարն առաջանա: Բայց այս հարցին առավել ճիշտ կպատասխանի «Երևի» հեռուստասերիալի ռեժիսորը»:

Հարցին, թե ինչպես երգիչը կիրականացնի առաջին քայլերը` որպես դերասան, պրոդյուսերը նշեց. «Սխալ կլինի ասել առաջին քայլեր, քանի որ պետք չէ մոռանալ` Սարգիսը բեմի մարդ է և տեսախցիկի առջև աշխատելու բավականին երկար տարիների փորձ ունի: Նկարահանման հրապարակում են նաև վաստակաշատ, մեծանուն դերասաններ, ովքեր, վստահ եմ, իրենց խորհուրդներով կլինեն Սարգիսի կողքին»:

Արսեն Աղամիրյանը չցանկացավ բացահայտումներ անել ու պատմել, թե ինչ բովանդակություն է ունենալու հեռուստասերիալը, միայն նշեց, որ Սարգիսի կերպարը` Դավիթը, իր տեսակով շատ նման է երգչին:

Սերիալային աշխատանքը ժամանակատար է և մեծ զբաղվածություն է պահանջում: Հարցին՝ երգիչն ինչպե՞ս է հասցնելու համատեղել երգն ու նոր աշխատանքը, հատկապես այն դեպքում, երբ Սարգիսը շատ է շրջագայում, պրոդյուսերը հավելեց.

«Իրականում, գիտակցում ենք որ դժվար է լինելու երկու աշխատանքների համատեղումը, բայց համաձայնության կետերից մեկն էլ այնն էր, որ պետք է հնարավորինս փոխզիջման գնանք: Երգարվեստը Սարգիսի համար երկրորդ պլան մղվել չի կարող, նա կշարունակի նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկել: Ավելին ասեմ` այս պահին զուգահեռ մենք աշխատում ենք Սարգիսի նոր երգի վրա, որը գարնանը տեսահոլովակով կներկայացնենք: Շրջագայությունները ևս չեն դադարի, այնպես որ, մենք և հեռուստասերիալի ողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը, որպեսզի Սարգիս Ավետիսյանի երկրպագուները չկարոտեն նրան»:

Today's most read news !
All news
Comments