Պետք է հասկանալ, որ ուտելիքը քեզնից չի փախչի, այն ամեն տեղ էլ կա. Լիլիթ Բաբասյանը՝ շատակերության մասին


Տոներից եւ հայկական ճոխ սեղաններից հետո հատկապես աղջիկներն ու կանայք մեծ սթրես են ապրում ընդամենը մի քանի օրում հավաքած ավելորդ կիլոգրամներից: Հենց այս թեմայի շուրջ էլ Life.panorama.am-ը զրուցել է դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ, ով շեշտեց, որ այս հարցում գլխավորը հոգեբանորեն պատրաստված լինելն է, այլ ոչ թե դիետաները:
 
«Առողջ մարդը, ով սիրում է համեղ ուտել, բայց նաեւ կարողանում է պահպանել չափավորությունը, ապա նա երբեք չի գիրանա: Այն մարդիկ, որոնց համար տոները ուտելու համար էին եւ տոները ավելի շատ ստամոքսի համար էին, ապա նրանք հաստատ բավականին քաշ կհավաքեն: Ընդհանուր առմամբ, մարդիկ, ովքեր արդեն իսկ վերադարձել են աշխատանքի, ինքնըստինքյան կանցնեն հին ռեժիմին, եւ հոգեբանորեն կյանքի նախկին ռիթմին անդրադառնալը եւս օգնում է: Իսկ ընդհանուր առմամբ, այս պարագայում ամենակարեւորը պետք է գիտակցության մեջ որոշակի ուղղություններ մտցնել, օրինակ՝ պետք է հասկանալ, որ ուտելիքը քեզնից չի փախչի, այն ամեն տեղ էլ կա եւ կարող ես յուրաքանչյուր պահի գտնել ու գնել դրանք: Հայերիս շրջանում դեռ 90-ականներից է մնացել այդ վախը, որ կարող է ուտելիքը վերջանա, որ չի բավականացնի, որ խանութներում դրանք այլեւս չեն գտնվի, բայց ժամանակն է, որպեսզի ընդունենք ու հասկանանք, որ սնունդը հաստատ չի վերջանա»,- շեշտեց նա ու շարունակեց.
 
«Մեր խնդիրը հենց մեր մեջ է: Մենք շատ հյուրընկալ ազգ ենք, բայց այդ հատկությունը կարող է անգամ վնասել մեզ, երբ գնում ես մեկի տուն ու տան տերը քեզ պարզապես ստիպում է ամեն ինչ ուտել: Պետք է մտնել մարդու դրության մեջ ու հանգիստ թողնել նրան, որպեսզի ուտի այնքան, որքան ուզում է»:
 
Լիլիթ Բաբասյանը նկատեց, որ որեւէ դիետա չի առաջարկի՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, քանի որ այդ հարցում մարդկան հոգեբանությանն է առավել նշանակություն տալիս:
 
«Ես հիմա չեմ առաջարկի հատուկ դիետաներ, կամ բեռնաթափումների տեսակներ: Ես շատ այլ դիետոլոգներից տարբերվում եմ նրանով, որ առաջին հերթին փորձում եմ փոխել իմ հաճախորդների կենսակերպը, կյանքի նկատմամբ նրանց պատկերացումները, փոխել սննդակարգը, հորդորել, որ իրենց երեխաներին չտան թունավոր ու վտանգավոր սնունդ: Երբեմն մենք չենք հասկանում, որ մեր կենսակերպով վնասում ենք նաեւ մեր երեխաներին: Իմ նպատակն է, որպեսզի մարդիկ փոխեն իրենց սնվելու սովորություններն ու կուլտուրան: Ես չեմ ուզում մարդկանց կամ մեր մենթալիտետը փոխել, ես պարզապես ուզում եմ ցույց տալ կյանքի հակառակ կողմը, որը շատ ավելի լավն է»,- նշեց նա:
 
Լիլիթ Բաբասյանը նկատեց, որ ճիշտ է, երբ քաղցրավենիքը ուտում ես սոված ժամանակ.
«Եվրոպացիները սկսում են ուտել քաղցրից, ինչը խորամանկ քայլ է: Մարդը չի կարող սոված ժամանակ շատ քաղցր ուտել, եւ այդ դեպքում նա մի փոքր ուտելուց հետո կհրաժարվի քաղցրից: Եվրոպայում ամենածանր ուտեստները ամենասկզբում են մատուցում, ինչը շատ ճիշտ է, եւ կարելի է հետեւել նրանց օրինակին: Պետք չէ ուտելիքները խառնել, հիշեք, որ այսօր կարող եք մի բան ուտել, վաղը մեկ ուրիշ բան: Ընդունեք, որ մեր գենոֆոնդն այնպիսինն է, որ մենք գիրանալու հակում ունենք, ուստի պետք է դրա հետ հաշվի նստել եւ ուտելիս զսպվածություն ցուցաբերել»,- հավելեց Լիլիթ Բաբասյանը:
Today's most read news !
  • Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին
  • Բեն Ավետիսյանը Հանրապետության հրապարակից. «Ժողովրդի միասնական ուժը մեկ ընդհանուր մտածողությունն է յուրաքանչյուր գաղափարի շուրջ»
  • Նազենի Հովհաննիսյանի քաղաքացիական գրառումը. «Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա»
  • Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից. Աշոտ Ահարոնյան
  • Ինչ է կատարվում օլիգարխիայի մտքում. վարակի՞չ, թե՞ եզակի օրինակ
  • Սերժ Սարգսյանի արդարացումը. ինչ չի տեսել հասարակությունը
All news
Comments