Կարող եմ որոշել, որ ոտաբոբիկ պետք է հասնեմ տվյալ եկեղեցին ու ամուսնուս հետ մեծ հաճույքով անենք դա. Ծովինար Մարտիրոսյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը Life.panorama.am-ին պատմել է ընտանիքով Հայաստանի եկեղեցիները այցելելու իր ուխտի մասին, որը սկսել է դեռ նախորդ տարի:

«Առհասարակ ես հաճախ եմ ուխտ դնում և գնում դեպի դրանց կատարմանը: Կարող եմ որոշել, որ ոտաբոբիկ պետք է հասնեմ տվյալ եկեղեցին ու ամուսնուս հետ մեծ հաճույքով անենք դա, չնայած երբեմն ճանապարհները այնքան էլ հեշտ ու հարթ չեն: Տղաներս արդեն տասը և երեք տարեկան են, կարծում եմ՝ ժամանակն է, որ նրանք ծանոթանան ու սիրեն իրենց երկիրը: Եվ քանի որ մենք աշխարհում Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն ենք, որոշեցի, որ որդիներս պետք է լինեն մեր երկրի գրեթե բոլոր եկեղեցիներում: Մեր ուխտագնացությունը սկսել ենք Էջմիածնից: Ընդ որում նշեմ, որ յուրաքանչյուր վանք այցելելիս, ես մանրամասնորեն պատմում եմ մեր ժողովրդի պատմությունը, որը կապված է տվյալ վայրի հետ»,- պատմեց Ծովինարն ու նշեց.

«Կարծում եմ՝ երեխաներին դաստիարակելու հարցում ոչ թե պետք են մեծաշուք բառեր ասել, այլ ճիշտ օրինակ ցույց տալ: Երբ երեխան տեսնում է իր ծնողների հաշտ միությունը, երբ տեսնում է, թե ինչպես է մայրը քնելուց առաջ աղոթում, ապա իր մեջ էլ սերմանվում են ճշմարիտ հավատացյալի հատկանիշներ: Ինձ համար այն մարդը, ով աստվածավախ չէ, ընդունակ է ամեն ինչի: Ես ու ամուսինս որոշեցիք, որ մեր երեխաները պետք է հենց այս տարիքից ծանոթանան իրենց պատմությանն ու երկրին: Հետաքրքրականն այնն է, որ անգամ փոքրիկս, ով ընդամենը երեք տարեկան է, չի հոգնում երկար ճանապարհներից, նա մեծ հաճույքով մտնում է եկեղեցի, մեզ նման աղոթք ասում ու լսում այն պատմությունները, որն իրենց ենք պատմում: Դե իսկ ավագ որդիս՝ Անրին, իր տարեկիցներից շատ ավելի հասուն է իրեն պահում, թատրոնում արդեն գլխավոր դեր է խաղում. նա Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ Աննա Էլբակյանի հետ էր խաղում, ինչը բավականին պատասխանատու գործ է: Այսինքն՝ Անրին շատ մեծ պատասխանատվություն ունի և իր իսկ նկատմամբ բավականին պահանջկոտ է: Նրա համար մեր ճանապարհորդությունները շատ հետաքրքիր են, իսկ ես վստահ եմ, որ նրա զարգացման գործում եկեղեցիներ այցելելը մեծ ու դրական նշանակություն կարող են ունենալ: Երեխան դեռ մանկուց պետք է հասկանա, թե ինչ բան է մշակույթը, գիրքը և սեփական պատմությունը սիրելու կանոնները»:

Ծովինար Մարտիրոսյանի խոսքով՝ թատրոնում գերզբաղվածության պատճառով դեռևս  չի հաջողվում երկարատև հանգստի մեկնել.

«Ես ու ամուսինս այժմ նկարահանվում ենք «Դեպի երազանք» 25 մասանի ֆիլմում: Բացի դա, Ա. Էլբակյանն այս օրերին բեմադրում է «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը, որտեղ զբաղված ենք նաև ես ու ամուսինս: Երկարատև փորձերից հետո մենք կարող ենք նստել մեքենան ու հենց այդ պահին էլ որոշենք, թե այդ օրը ուր ենք գնալու: Այսինքն՝ նախապես չենք ծրագրում ու ընտրում վայրը: Միակ ծրագրավորված բանն այնն է, որ ուզում ենք հասցնել այս տարի մեկնել Արցախ»,- հավելեց նա:

Ամռան վերջին Ծովինարը ցանկություն ունի նաև ծով մեկնել. «Մենք ընտանիքով շատ ենք ծով սիրում, հետևաբար երկարատև հանգստի համար նախընտրությունը  հենց ծովափնյա քաղաքին ենք տալիս: Թեև, եթե չհաջողվի երկրից մեկնել, հաստատ կփորձենք հանգստանալ Հայաստանում: Մենք արդեն չորս տարի է, ինչ հանգստանում ենք Աղվերանում ու մեծ տպավորություններով ենք վերադառնում»,- նշեց Ծովինարն ու ընդգծեց. «Գիտեք, միշտ նյարդայնանում եմ, երբ մեզ ասում են՝ «Օ, դե դուք հարուստ եք, որ Հայաստանում եք հանգստանում»: Այո, համաձայն եմ, որ Հայաստանում հանգստանալը մատչելի չէ, բայց հաստատ Եվրոպայում ևս մատչելի չէ: Ուրեմն ինչու մեր գումարները չծախսենք մեր երկրում, այլ փոխարենը հարստացնենք մեկ այլ պետության: Մեր հայերը չեն սիրում գնահատել իրենց ունեցածը: Դեմ չեմ ծովափնյա հանգստին, բայց կարելի է նաև փոքրիկ հանգիստ կազմակերպել սեփական երկրում»:

Today's most read news !
  • Մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ. Մովսես Երեմյան
  • Չհրապարակված լուսանկարներ` Արևիկ Գևորգյանի հարսանիքից
  • Հայտնի հայեր, որոնք երկվորյակ ունեն
  • Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դառնում է 37 տարեկան
  • «Բոլորիս համատեղ որոշմամբ, տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է նկարահանվել». Նարինե Դովլաթյանը՝ «The Village Street» երգի մասին
  • «Ես ֆիզիկայի ուսուցչի վառ արտահայտված դեմք ունեմ». ArmComedy-ի Սերգեյը՝ «Ոսկե դպրոցի» ու դերասանական փորձի մասին
  • Խոշոր ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է Renault տաքսուն, վերջինն էլ կայանված Audi-ին
  • Արտագաղթից քաշվածները
Comments

Name: