«Անհնար էր, որ դու այդպես սառը ինձ շնորհավորեիր». Անահիտ Կիրակոսյանի ամուսնու ռեակցիան՝ կնոջ անակնկալին

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի սոցէջերին հետևողները գիտեն, որ Անահիտը հաճախ է իր սիրելի մարդկանց ջերմ ու օրիգինալ շնորհավորանք-անակնկալներ անում: Ամուսնության օրվա կապակցությամբ Անահիտը սիրում է երաժշտական հոլովակներով խոստովանել իր սերն ամուսնու հանդեպ, իսկ ահա այս անգամ դերասանուհին նույն կերպ շնորհավորեց նաև ամուսնու տարեդարձը: «Ուրիշ աշխարհ». այսպես է կոչվում երգ-սիրո խոստովանությունը, որի հոլովակի ստեղծման պատմության, ինչպես նաև տոնական օրվա պլանների մասին էլ BlogNews.am-ը զրուցել է Անահիտ Կիրակոսյանի հետ:

«Մի քանի տարի մեր ամուսնության օրը ես հոլովակ էի նվիրել Արտակին, բայց այս տարի նա խախտեց իմ պլանները, և մենք, ինձ համար անակնկալ կերպով, մեկնեցինք Եգիպտոս: Ու քանի որ արդեն երգը գրված էր, գլխումս միտք ծնվեց հետաձգված անակնկալը մատուցել ծննդյան օրվա առթիվ, բայց դա պետք էր գաղտնի անել: Երբ Եգիպտոսում էինք, նկատեցի, որ լավ տեսարաններ կան տեսահոլովակ նկարելու համար, բայց չկար ո՛չ տեսախցիկ, ո՛չ ռեժիսոր, ո՛չ օպերատոր: Այնտեղ հանգստացող հայերից մի աղջկա հետ էինք ծանոթացել, ում անունը Հերմինե Պողոսյան է: Հերմինեն իր հետ ուներ թվային ֆոտոխցիկ, խնդրեցի նրան, և մենք Արտակից գաղտնի, շատ վաղ առավոտյան  Եգիպտոսում կադրեր արեցինք՝ առանց դիմահարդարման, վարսահարդարման, լուսավորողի: Պարզապես կադրեր, որոնք արդեն Հայաստանում հայտնվելուց հետո տվեցի իմ շատ սիրելի ընկերոջը, ով նաև իմ առաջին հոլովակն էր ստեղծել, և նա մոնտաժեց, ու կարծես թե ստացվեց»:

Անահիտն ասում է, որ ամուսնու համար տեսահոլովակն իսկական անակնկալ էր. «Ես երեկոյան նրան շատ սառը շնորհավորեցի, սովորական տոնով ասացի՝ շնորհավոր, և նստեցի հեռախոսիս առաջ: Զարմացած էր, թե որքան անտարբեր եմ, այնինչ այդ պահին ես զբաղված էի իմ ֆեյսբուքյան ստատուսով ու տեսահոլովակի տեղադրմամբ: Այդպես՝ 12-ն անց ես անակնկալս մատուցեցի Արտակին: Երկար նայեց ինձ ու ասաց. «Անհնար էր, որ դու այդպես սառը ինձ շնորհավորեիր. գիտեի, որ մի բան պատրաստում ես, բայց չէի պատկերացնում, որ հենց այս ձևով է լինելու:» Մի խոսքով՝ շոկային էին տպավորությունները»:

Չնայած նրան, որ դերասանուհին լավ երգում է, Անահիտը հերքում է իր՝ երգչուհու կարիերա ստեղծելու գաղափարը. «Ես պարզապես երգող դերասանուհի եմ, մարդ, ով սիրում է ստեղծագործել: Պարզապես երբ գրում եմ բառերն ու երաժշտությունը, ցանկություն եմ ունենում նաև ինքս այդ ամենը ներկայացնելու: Այսօրվա դրությամբ չունեմ ցանկություն որևէ մեկի հետ համեմատվելու, քանի որ ինձ համարում եմ ոչ թե երգչուհի, այլ դերասանուհի»:

Անահիտն ասում է, որ օրվա անակնկալները դեռ շարունակվում են. «Ես սիրում եմ ոչ թե սովորական ինչ-որ նվեր անել, այլ ուրախացնել ու զարմացնել ամեն անգամ: Այսօրվա երեկոյի կազմակերպումը ևս ամբողջությամբ իմ վրա է: Նշելու ենք, ինչպես միշտ, տանը, ամենամոտ հարազատների շրջանակներում, ֆուրշետային մասն էլ ապահովելու եմ իմ ձեռքի աշխատանքներով»,- զրույցի վերջում նշեց դերասանուհին:

      

Loading Player ...
Today's most read news !
Comments

Name: